Նորություններ

ԲՏԱ նախարարությունում պրակտիկայի ամփոփում

Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի համատեղ «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են ԲՏԱՆ-ում ՀՀ բուհերի ուսանողների պրակտիկայի արդյունքները։
17.12.2025
ԲՏԱ նախարարությունում պրակտիկայի ամփոփում

«Ավելի շատ պետք է ուսանողներին ներգրավենք պետական համակարգում՝ փորձ ձեռք բերելու, նաև փոխանցելու նպատակով։ Այն նոր շունչն ու թարմությունը, որ ուսանողները բերում են ցանկացած համակարգ թե´ պետական, թե´ մասնավոր, շատ կարևոր է և´ մեր, և´ ուսանողների մոտիվացիայի համար»,- նշել է ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «ԱՊԱԳԱ» հիմնադրամի Տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը, նշելով, որ միասնական ջանքերի արդյունքում ստեղծվել են արդյունավետ հարթակներ, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս տեղափոխվել իրական աշխատանքային միջավայր և ձեռք բերել գործնական հմտություններ: Միջոցառման ընթացքում անցկացվել է «Տեխնոլոգիական քուիզ» ինտելեկտուալ խաղը, որի լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը պարգևատրվել են խրախուսական նվերներով։ Ամփոփիչ հատվածում ցուցադրվել է ուսանողների մասնակցությամբ «ԱՊԱԳԱ» հիմնադրամից կողմից կազմված «Միֆեր նախարարության մասին» տեսահոլովակը։ Եռամսյա պրակտիկային մասնակցել են 9 ուսանողներ՝ ԵՊՀ-ից, ՀԱՊՀ-ից, Հայաստանի ամերիկյան համալսարանից և «Եվրասիա» միջազգային համալսարանից։ Վերջիններս ներգրավված են եղել նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, Թվայնացման, Շուկայի զարգացման, Ֆինանսատնտեսագիտական, Միջազգային համագործակցության և Գործերի կազմակերպման վարչությունների աշխատանքներում։ Շնորհակալություն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ին արդյունավետ համագործակցության համար։